Քաղաքական

07.02.2012 13:27


Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է նկատառումներ «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի շուրջ

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է նկատառումներ «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի շուրջ

1. Նախագիծն, ըստ էության, հակակոռուպցիոն բնույթ չունի, քանի որ կարգավորում է քաղաքացիների, կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների և կազմակերպությունների միջև անկանխիկ վճարումների հետ կապված հարաբերությունները (կոռուպցիայի հետ կապ կարելի էր տեսնել այն դեպքում, երբ այդ հարաբերություններում մասնակից լինեին նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները):

Բացի այդ, եթե տվյալ նախագիծը հակակոռուպցիոն ուղղվածություն ունի, ինչու՞ է այն 5 տարի մնացել ԱԺ դարակներում և միայն այսօր է դրվում քննարկման (պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել 2008թ. մայիսի 7-ին)

2. Նախագծի գաղափարախոսությունը կարելի է դիտարկել որպես ստվերային շրջանառության մասնակի սահմանափակման փորձ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ նախագծով նախատեսվող սահամանափակումները կարելի է հեշտությամբ շրջանցել, կարելի է ասել, որ այս նախագծի ընդունումը չի կարող ծառայել իր նպատակին: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ քաղաքացիների միջև ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման,  աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման 3 միլիոն դրամը գերազանցող գործարքների վճարումները և վճարների ստացումը պետք էկատարվի անկանխիկ ձևով: Այս սահմանափակումը հեշտությամբ կարելի է շրջանցել ընդամենը գույքը (բնակարան, ավտոմեքենա և այլն) որպես նվիրատվություն ձևակերպելով և կանխիկ վճարելով, կամ էլ մաս-մաս (մինչև 3 մլն. դրամի չափով) վճարելով:

Մյուս կողմից, նախատեսվում է, որ գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում 300.000 դրամը գերազանցող բոլոր տեսակի վճարները, ինչպես նաև կրթական հաստատություններում ուսման վճարներն անկախ չափից և 100.000 դրամը գերազանցող այլ վճարները պետք է կատարվեն անկանխիկ: Եթե խնդիրը ստվերային շրջանառության կանխարգելումն է, ապա այդ խնդիրն արդեն իսկ լուծված է համապատասխան փաստաթղթերի պարտադիր կազմման միջոցով, որն էլ բխում է վճարումը կատարողի շահերից, և անկախ այն բանից դա կանխիկ է կատարվում թե անկանխիկ, վճարողները, բնակաբնաբար, պահանջում են տրամադրել վճարումը հաստատող փաստաթուղթ:

3. Եթե կառավորությունը ցանկանում է օրենքի միջոցով և ստիպելով ավելացնել անկանխիկ դրամաշրջանառությունը (իսկ այս նախագիծը, մեր կարծիքով, հենց այդ նպատակն է հետապնդում), ապա տրամաբանական և արդարացի կլինի, որ նույն օրենքով բանկերին արգելվի գանձել այս գործարքների կատարման համար բոլոր տեսակի կոմիսիոն վճարումները, որոնք ներկայումս տատանվում են 0.5-1.5 տոկոսի սահմաններում: Այլապես, տվյալ նախագիծն օրենք դառնալու դեպքում փաստացի կգործի դրա միայն այն մասը, ըստ որի քաղաքացիներն իրենց սեփական գույքի հետ կատարվող ցանկացած գործարքի համար, անկախ իրենց կամքից, բանկերին պետք է որոշակի գումարներ վճարեն, ինչն էլ ուղղակի աբսուրդ է դառնում:

4.  Նախագծի 6-րդ հոդվածով սահմանվում է, որ ՀՀ օրենքներով նախատեսված դեպքերում սույն օրենքով սահմանված գործարքների (պայմանագրերի) դիմաց արտարժույթովվճարումիրականացնելիս դրանց հաշվարկը սույն օրենքով սահմանված նպատակներով կատարվում է`…« այն դեպքում, երբ ՀՀ տարածքում արգելված է արտարժույթով վճարումներ կատարել (արտարժույթով թույլատրվում է միայն պայմանագրերում նշել գործարքի գինը, այն էլ եթե գործարքի մի կողմը օտարերկրյա սուբյեկտ է)»:

5. Նախագծում մի ամբողջ խառնաշփոթ է ամրագրված սույն օրենքի խախտման համար պատասխանատվության մասով: Նույն հոդվածի մի մասում այդ պատասխանատվությունը սահմանվում է տվյալ նախագծով, մեկ այլ մասով նշվում է, որ դրանք սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, իսկ մեկ այլ մասով էլ սահմանվում է, որ սույն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե նույն խախտման համար «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքով պատասխանատվության միջոցներ նախատեսված չեն: Արդյունքում անհայտ է մնում, թե ի վերջո ո՞ր օրենքով և ի՞նչ պատասխանատվություն պետք է կիրառվի այս օրենքի խախտման համար:

6. Նախագծում առկա են ինչպես ներքին հակասություններ` օրենքի գործողության ոլորտի հետ կապված, ինչպես նաև խնդիրներ կան օրենք ուժի մեջ մտնելու դրույթների հետ կապված:

Ընդհանուր առմամբ, այս նախագծի ընդունումը, բացի բանկերի կողմից բնակչությունից և կազմակերպություններից անհարկի գումարներ գանձելուց որևէ այլ հանրօգուտ արդյունքի չի կարող հանգեցնել:

     ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

Այս խորագրի վերջին նյութերը